«Բրյուսովի» նախկին ռեկտորը՝ նոր կենտրոնի ղեկավար.Հրապարակ
Հրապարակը գրում է.Այս տարի հունիսի վերջին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Գայանե Գասպարյանը նորաբաց «Կրթական բարեփոխումներ կենտրոն»-ի ղեկավարն է։ Տիկին Գասպարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրված համալսարանի 30 միլիոն դրամի չափով պակասորդին, ասաց, որ քննությունը դեռ շարունակվում է, որեւէ նորություն դեռեւս չկա։ Իր ազատումը ռեկտորի պաշտոնից Գայանե Գասպարյանը չի կապում արձանագրված պակասորդի հետ, քանի որ, ըստ իրեն, ինքը 2 տարի առաջ է սկսել բացահայտումներ անել եւ ամեն ինչը հանել է ջրի երես․ «Ես եմ դրանով զբաղվել, ես եմ էդ ամեն ինչը բացահայտել։ Ես չեմ ուզում անուններ տալ, քանի որ քննություն է իրականացվում դատախազության կողմից, իհարկե, մարդիկ կան, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Այս տարվա հունիսի վերջին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Փորձեցինք պարզել՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարվե՞լ է, կա՞ն թեկնածուներ։ ԿԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ դեռեւս մրցույթ չի հայտարարվել, քանի որ, ըստ ընթացակարգի, պետք է ձեւավորվի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կհայտարարի մրցույթի մասին։ Մեզ նաեւ փոխանցեցին, որ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորման վերջնական փուլում է։ Հիշեցնենք, որ հայտնաբերված 30 միլիոն դրամ արժողության միջոցների պակասորդի փաստով հարուցվել է քրեական գործ՝ օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով։
