Խնդիրներ կան կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելուն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգի պարզեցմանը: «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստն ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա», - ասաց Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում կան որոշ խնդիրներ։ Նշվածը, ըստ վարչապետի, պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական խնդրով։ Հաշվի առնելով սա՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ տեղեկատվության ստացումն ապահովելու, ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ.«Պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը»:
