Ում թեթեւ ձեռքով Դոն Պիպոն դարձավ հանրաճանաչ
Արթուր Ասատրյանի՝ նույն ինքը Դոն Պիպոյի վերջին շրջանի ակտիվությունից կրկին օրակարգ է բարձրացել հարցը, թե ով է Դոն Պիպոն եւ ինչպես հայտնի դարձավ: Էջմիածնում ծնված եւ մեծացած Արթուրի մասին խոսում էին դեռեւս 90-ականներին, երբ նրա եւ Գեներալ Մանվել Գրիգորյանի միջեւ անհաղթահարելի հակասություն էր հասունացել, արդյունքում Ասատրյանը արտագաղթեց Մոսկվա, հետո՝ Իտալիա, որտեղից մեզ ներկայացավ արդեն Դոն Պիպո: Վերջինս հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ <<Արմենիա>> հեռուստաընկերությամբ իր մասին ֆիլմով, որը Հայտնի հայեր հաղորդման շրջանակներում էր ու տարակարծությունների տեղիք տվեց՝ արժանի էր արդյոք քրեական անցյալ ու ներկա ունեցող անձնավորությանը մեկ ժամանոց եթեր տրամադրել: Սակայն մեր տեղեկություններով Պիպոն մտերիմ է Արթուր Ջանիբեկյանի հետ եւ վերջինիս ջանքերով էլ նա էկրան բարձրացավ ու դարձավ հանրահայտ դեմք: Վերջիններս նաև համատեղ բիզնես ունեն: Արթուր Ջանիբեկյանը ամենավառ ռուսաստանցի պրոդյուսերներից է։ Նա սկսել է ԿՎՆ–ից եւ հայտնի է դարձել որպես Comedy Club շոուի հիմնադիրներից մեկը, որը հետագայում վերածվել էր խոշոր պրոդյուսերական ընկերության։ Հայաստանում Արթուրը հանդիսանում է “ATV” հեռուստաալիքի եւ “Ջազզվե” սրճարանային ցանցի սեփականատերը:
