«Չգիտեմ՝ ինչի, որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել». Էդվարդ Նալբանդյանը՝ տարածքների հանձնման վերաբերյալ արած իր հայտարարության մասին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում տարածքների վերաբերյալ արտգործնախարարի ելույթի հետ, ասաց, որ առաջնահերթ է համարում Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցը: շ «Դուք պետք է նայեք այն պատասխանին, որ ես տվել էի «Ամերիկայի ձայնին» դեռ Նյու Յորքում: Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածը անցյալ է: Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին: Դրանք հենց, եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում, եւ այս սկզբունքները կամ տարրերը տարանջատելը մեկը մյուսից անհնար կդարձնեն կարգավորումը, որը եւ փորձում է անել Ադրբեջանը: Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց պետք են սենսացիաներ: Դրա կարիքը չունենք. մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարություններին, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ ճանապարհ դեպի կարգավորում, ինչից էլ Ադրբեջանը միշտ հրաժարվում է»,-ընդգծեց նախարարը
