Ռուսաստանից հնարավոր չէ հեռանալ, եթե հեռանանք, ապա ավելի մեծ հարված կհասցնեն. Մելքումյան
Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծում նշված հիմնավորումները չեն բավարարում. «Նույնիսկ չեն նշվում ռիսկերը»։
Միքայել Մելքումյանը իր ելույթում ակնարկեց, որ Ռուսաստանից հնարավոր չէ հեռանալ, եթե հեռանանք, ապա ավելի մեծ հարված կհասցնեն։
Նա նաև նկատեց, որ Հայաստանի կառավարությունը լիարժեք չի օգտագործում ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը և հենց այդ հարցը պետք է քննարկել։
«Մենք ԵԱՏՄ-ի պոտենցիալը և հնարավորությունները արդյունավետ չենք կարողանում օգտագործել։ Դա մեր կառավարության արտաքին քաղաքականության խնդիրների շարքում է։ Ես կողմնակից եմ, որ քննարկենք՝ ի՞նչն է խնդիրը, որ դու մտել ես երկու հարյուր միլիոնանոց շուկա, բայց չես կարողանում դա ռեալ օգտագործել», - հայտարարեց Մելքումյանը։
Նա նշեց, որ 600 հազարից ավելի միգրանտներ են Հայաստանից տարեկան գնում Ռուսաստան աշխատում ու հետ գալիս: «Նախանցած ու անցած տարի մենք 900 մլն-ի տրանսֆերտներ քիչ ստացանք: Այսինքն՝ չկա տրանսֆերտ, չկա շրջանառություն, դա բերում է փոքր ու միջին բիզնեսում ու այլ ոլորտներում անկումների: Դա ԵՏՄ-ի հետ կապված չէ, բայց մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ ռիսկեր դրանից կլինեն: Հենց որ մենք պրոցեսի մասին հայտարարեցինք, էս պրոբլեմները կսկսվեն»,- նշեց Միքայել Մելքումյանը:
