Վտանգավոր քննարկում. «Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ներողություն խնդրեմ». Արամ Սարգսյան
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քննարկմանը, սակայն խնդրահարույց է այն, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն կարողանում լիարժեք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ հարցի քննարկումը օգտակար էր այն առումով, թե ուր ենք հասել, ինչ ենք արել, որը կարող ենք ներկայացնել նաեւ ԵՏՄ մեր գործընկերներին։ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանն էլ մի մեծ շղթա ներկայացրեց տարբեր ապրանքների հնարավոր թանկացումների մասին ու ընդհանրապես հարցի քննարկումները «վտանգավոր» որակեց: Այնուհետև, Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն իր խոսքում հարցրեց. «Ինչո՞ւ եք այդպես թշնամաբար տրամադրված մեր նախագծին։ Լավ է` չասացինք հանցագործ։ Ինչի՞ չեք ուզում հանձնաժողով ստեղծել։ Ես տասնյակ արգումենտներ կարող եմ բերել, որ անհրաժեշտ է այն ստեղծել։ Ես ինձ զգում եմ թշնամու թիկունքում: Ապացուցեք, որ ճիշտ եք, ես ներողություն խնդրեմ»:
