Հիմա դա դո՞ւռ է, չոռնի խո՞դ, թե՞ սողանցք, որ պետք է չոքեչոք անցնեք. նախագիծը մերժվեց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր Ելք դաշինքի ներկայացրած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկմանը հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քննարկումը թեմային համապատասխան չէր:
Իշխանական մեծամասնության պատգամավորի խոսքով՝ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծում չկա որևէ փաստարկ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այդ հարցը հնարավոր չլինի քննարկվել։
«Արմեն Աշոտյանի ղեկավարած հանձնաժողովը կարող է ունենալ բոլոր իրավասությունները, ինչ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը։ Նման հանձնաժողով ստեղծումը հիմնավոր չէ և որևէ արգումենտ, հօգուտ այդ հանձնաժողովի ստեղծման, նախագծում ներկայացված չէ», - հավելեց պատգամավորը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր արտահերթ ելույթում նշեց, որ բացասական եզրակացություն պետք է տալ նախագծին, քանի որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախ պատասխանելով Հերմինե Նաղդալյանին, ասաց. «Հիմնական թեմայից շեղվելու թիվ մեկ մեղադրողն ավելի շատ շեղվեց թեմայից բոցաշունչ կերպով։ Անընդհատ ասում եք` դուռ հա դուռ, բայց ցույց չտվեցիք, թե որն է այդ դուռը։ Հիմա դա դո՞ւռ է, չոռնի խո՞դ, թե՞ սողանցք, որ պետք է չոքեչոք անցնեք։ Ձեզ համար ենք այդ ժամանակավոր հանձնաժողով ստեղծում, որ դուք ասեք` ինչի համար է լավը ԵՏՄ-ն։ Միակ հիմնավորումը Արտաշես Գեղամյանի շանտաժն էր` այ գազը կթանկանա, այ… էժան փամփուշտ ենք բերում եւ այլն»:
Այնուհետև Ելքի նախագիծը դրվեց քվեարկության. 1 կողմ, 10 դեմ ձայներով այն մերժվեց։
