Զգույշ տպավորության տակ չմնաք, պարոն Աշոտյան. Փաշինյան
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում միությունում անելիք չունի, ու այն լրջագույն սպառնալիքներ է ստեղծել մեր ռազմական ու քաղաքական անվտանգության առումով: Փաշինյանն ասաց, որ 2015-ին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 109 մլն դոլար, այսինքն՝ ավելին, քան՝ Բելառուսը, Ղազախստանը միասին վերցրած։ «ՀՆԱ-ն 8 տոկոսով կրճատվել է, պետական պարտքը 10 տոկոսով աճել, կրկնակիից ավելի նվազել են ներդրումները եւ այլն։ Թուրքիայի հետ, որի հետ ընդհանրապես որեւիցե հարաբերություն չունենք, 164 մլն դոլար է ապրանքաշրջանառությունը` 30-40 տոկոսով գերազանցելով Ղազախստանի ցուցանիշը։ Հաճախ, նաեւ արհամարհանքի դրսեւորումներ ու շատ ցինիկ միջամտություններ ենք նկատում ԵՏՄ մեր որոշ գործընկերների կողմից՝ ՀՀ ներքին գործերին։ Այն մտավախությունները, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներն ավելի են թանձրացել, իրականություն են դառնում»,- ներկայացրեց նա: Այնուհետև թեթև լեզվակռվի մեջ մտավ Արտաշես Գեղամյանի հետ, որից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նրան հիշեցրեց, որ Փաշինյանի խոսելու ժամանակը սպառվել է: Սակայն Փաշինյանը շարունակեց խոսել: Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն Իրանի հետ մեր հարաբերություններում շատ նեգատիվ ազդեցություն է ունեցել: «Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ուր մնաց Ձեր սադրանքներին տրվեմ»,- շտապեց հայտարարել Արմեն Աշոտյանը: «Տպավորվել եք, տպավորվել եք, պարո՛ն Աշոտյան, բայց զգույշ, տպավորության տակ չմնաք»,- զգուշացրեց Փաշինյանը:
