Ալեքսեյ Կուդրինը շատ վտանգավոր է համարում ՌԴ-ի դեմ սանկցիաները
Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի ղեկավար և տնտեսության հարցերով Կրեմլի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսեյ Կուդրինն ասել է, որ Ռուսաստանը տնտեսական զգալի աճ չի գրանցի, եթե չվերականգնի Արևմուտքի հետ պատժամիջոցների հետևանքով սառեցված համագործակցությունը:Անուհետև անդրադառնալով ԱՄՆ-ի նոր սանկցիաներին՝ դրանք համարել է շատ ավելի վտանգավոր, քան մինչ այս սահմանվածները: Այս մասին նա հայտարարել է «418» ակումբում ունեցած իր դասախոսության ընթացքում: Ինչպես փոխանցում է Дождь-ը, Կուդրինը, ով հաճախ է հանդես գալիս Ռուսաստանի իշխանությունների հանդեպ իր քննադատական խոսքով, հիմնավորված կերպով ներկայացնելով Կրեմլի տնտեսական քաղաքականության թույլ կողմերը, նշել է, որ ռուսական կողմը դեռ իր մաշկի վրա չի էլ զգացել, թե ինչպիսի օրենք է ընդունվել Կոնգրեսի կողմից ընդդեմ Ռուսաստանի, քանի որ հիմա ոչ միայն ամերիկյան ընկերություններն ու բանկերը, նաեւ արտասահմանյան ընկերություններն ու բանկերը ռուսական բիզնեսի հետ գործակցելուց ունենալու են խնդիրներ: Ըստ Կուդրինի, սրա հետեւանքը կլինի այն, որ ռուսական շուկայում կկրճատվեն արտասահմանյան ներդումները:
