Հայերենը կդառնա Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը
Rudaw հեռուստաալիքի տվյալներով, Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին նախնական արդյունքերով մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել էին 5.2 մլն ընտրող, ովքեր ապրում են Իրաքյան Քրդստանի կազմի մեջ մտնող նահանգներում (Էրբիլ, Սուլեյմանիա, Դահուկ), ինչպես նաև այն շրջաններում, որոնց կարգավիճակը համարվում է վիճելի (Քիրկուկ նահանգ)։ Քվեարկության ավարտից հետո Իրաքն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսել։ Թուրքիայի նախագահը սպառնում է ռազմական ներխուժմամբ՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը։ Ղեկավարության Գերագույն խորհուրդը հրապարակել է փաստաթուղթ՝ անկախացման դեպքում Իրաքյան Քրդստանի ապագա կառուցվածքի մասին, որում շեշտը դրված է տարածաշրջանում բնակվող բոլոր էթնիկ-կրոնական խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքների ապահովման վրա։ Ըստ այդմ՝ որպես պաշտոնական լեզուներ՝ քրդերենի, արաբերենի, ասորերենի և էթնիկ թուրքմենների լեզվի հետ կընդունվի նաև հայերենը։
