«Սա տրուբայա». դատարանը զննեց Սամվել Բաբայանի ձեռք բերված «Իգլան»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը: Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով: Գործով կալանքի տակ են միայն Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, մնացած չորս ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Դատական նիստի սկզբում դատարան բերվեց փաթեթավորված մի խողովակ: Դա նշանակում էր, որ դատարանը պետք է հետազոտի գործով իրեղեն ապացույցները, առաջին հերթին՝ ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը: Պարզվեց, որ փաթեթավորվածը ոչ թե ամբողջ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրն է, այլ՝ դրա մի մասը՝ արձակման խողովակը՝ «տրուբեն»: Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ նման պայմաններում բերվածը բնամթերքի մասնիկ է. «Սա բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք»: Դատարանը որոշեց, որ գործին կցված կրիչների վրա առկա ձայնագրառումներից՝ «Ներքին դիտում» գործողության ժամանակ կատարված ձայնագրառումը կլսվի ամբողջությամբ, իսկ հեռախոսային գաղտնալսումների արդյունքում կատարված ձայնագրառումները՝ հատվածաբար, այն հատվածները կլսվեն, որոնք առնչվում են բուն գործին: Ըստ փորձագիտական եզրակացության՝ ներկայացված «Իգլան» գործարանային արտադրության է, արտադրվել է ԽՍՀՄ-ում՝ 1989 թվականին: Խողովակի վրա առկա էին գործարանի ծածկագիրն ու արտադրման տարեթիվը: Փորձագետների կողմից ստուգվել է նաև «Իգլայի» հրթիռը, որը ևս մարտունակ վիճակում է եղել, պիտանի է ճանաչվել օգտագործման համար:
