Պատերազմական իրավիճակը շարունակվում է, եւ այն կա յուրաքանչյուր հարթակում. Մանե Թանդիլյան
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը նշեց, որՀայաստանի պատվիրակները ցանկացած հարթակում եւ ձեւաչափում պետք է պատրաստ լինեն հակազդելու Ադրբեջանին: «Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում էին, եւ բացառապես հայկական պատվիրակությունն էր գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Մեր պատվիրակությունը որոշում էր կայացրել մասնակցելու այդ նիստին, եւ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում էր: Էլ ավելի համոզվեցի դրանում, երբ տեսա, թե ինչպես էին այդ ամբողջ նիստը փորձում վերածել հակահայկական քարոզի: Հասկացա, որ մենք ընդհանրապես չպետք է բաց թողնենք որեւէ հնարավորություն, որեւէ հարթակ ներկայացնելու Հայաստանը, քանի որ ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության վրա»,-ասաց ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակը շարունակվում է, եւ այն կա յուրաքանչյուր հարթակում: Պատգամավորը նաև նշեց, որ ցանկացած քննադատության նորմալ է վերաբերվում և, որ մարդիկ պետք է հասկանան միջավայրի տարբերությունը։
