Թե ինչո՞ւ որոշվեց Լևոն Մկրտչյանին չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը
Կ առավարության նիստից հետո ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց նրան չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է հարմար գտել իր թեկնածությունը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դպրոցի տնօրեններ դաշնակցականներ նշանակվեն, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ուզում եմ հստակ հայտարարել` իմ գործունեության ընթացքում այլ չափանիշ չի լինի: Եթե մարդն իր պաշտոնին բավարարի՝ իր փորձառությամբ, գիտելիքներով, եթե երիտասարդ է, ու ժամանակ է պետք, խնդիր չկա, և եթե մարդը ճիշտ կադր է ու ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել, որ տնօրեններն ու ուսուցիչները զբաղվեն կրթության որակի հարցով, դա առաջնային է»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
