Զոռբայությունը հաղթեց.Հրապարակ
Հրապարակը գրում է.Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի ընտրույթուններն այդպես էլ չկայացան։ Բայց դպրոցի տնօրենին վերջապես նշանակեցին։ Այսօր պարզ դարձավ, որ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հրամանով Արտաշարի դպրոցում տնօրեն է նշանակվել մինչ այժմ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Էդվարդ Սարգսյանը։ Նա բնակվում է Արմավիր քաղաքում, մինչ այդ աշխատել է Մեծամորում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այս պատմությանը մենք մի քանի անգամ անդրադարձել էինք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փորձում է ամեն գնով իր ուզած մարդուն՝ Էդվարդ Սարգսյանին անցկացնել այս մրցույթով և նշանակել տնօրեն։ Նրա գլխավոր մրցակիցը երկար տարիներ դպրոցը ղեկավարած Հասմիկ Սրապիոնյանն էր, ով սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քույրն է։ Մարզպետը անձնական պատճառներով, թե կոնկրետ շահադիտական նպատակներից ելնելով ամեն ինչ արեց, որ օրենքի կոպիտ խախտումներով իր մարդուն նշանակի տնօրեն։ Հասմիկ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ըստ երևույթին ինքը չի արդարացրել մարզպետի շահադիտական ակնկալիքները, փոխարենը, նրա կարծիքով, արդարացրել է մյուս թեկնածուն, և մարզպետը ուղղակի չէր կարող տվյալ մարդու հետ պայմանավորվածությունը չկատարել։ Ու այդ ճանապարհին Ղահրամանյանը դիմեց բոլոր հնարավոր ապօրինի մեթոդներին՝ օրենքի խախտմամբ այնպես արեց, որ բոլոր մրցույթները տապալվեն՝ կառավարման խորհրդի անդամներից նրանց, ում վրա ազդեցություն ուներ, թույլ չէր տալիս գնալ ու մասնակցել նիստին, որ քվորում չապահովվի, իր ուզած անդամին հանել ուրիշին էր նշանակել, հետո նրան էլ ապօրինի կերպով նշանակել խորհրդի նախագահ, որի իրավունքը չուներ։ Այս ամենից զատ՝ նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանը նաև դիմեց իրեն հատուկ ուժային մեթոդներին։ Ըստ երևույթին հենց նրա ցուցումով որոշվեց գործ հարուցել Հասմիկ Սրապիոնյանի վրա, նրան և խորհրդի անդամներից մեկի որդուն հրավիրել ոստիկանություն, ճնշումներ գործադրել և այլն։ Այս ընթացքում 4 անգամ մրցույթ նշանակվեց, չորս անգամ էլ տապալվեց քվորում չլինելու պատճառով։ Ի վերջո, օրենքի պահանջով, եթե մրցույթը չի կայանում, դպրոցի տնօրենի նշանակումը եղավ կառավարությունից։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր հայեցողությամբ որոշեց, թե ներկայացված թեկնածուներից ում պետք է նշանակել այդ պաշտոնում։ Թե ինչու Գաբրիելյանը որոշեց նշանակել հենց այն մարդուն, ում թիկունքին կանգնած էր մարզպետը, թերևս կարելի է հասկանալ։ Բայց դա անհասկանալի է Հասմիկ Սրապիոնյանի համար։ «Չգիտեմ՝ ինչ սկզբունքով են ընտրել իրեն։ Ես 30 տարվա մանկավարժության ստաժ ունեմ, 7 տարվա տնօրենության ստաժ ունեմ, ես նաև այդ գյուղի բնակիչ եմ, ամբողջ կյանքս էդ գյուղում եմ աշխատել, իսկ էդ մարդը համայնքը չգիտի, մեր գյուղից չի, ոչ մեկին չի ճանաչում էստեղ։ Ինչի՞ հիման վրա են իրեն ընտրել, չեմ հասկանում»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Սրապիոնյանը՝ նշելով, որ մարզպետն ուղղակի իր «զոռբայությամբ» հաղթեց։ Վաչե Գաբրիելյանն էլ, փաստորեն, այսքան աղմուկից հետո, երբ բարձրաձայնվեց Արմավիրի մարզպետի թույլ տված ապօրինությունների մասին, որոշեց հենց «զոռբայության» կողմը բռնել՝ փոխանակ դեմ գնար ապօրինություններին։
