Պատգամավորին «ուղղեց» Վարդան Այվազյանը
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախկին գազի մատակարարման հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի առաջարկներից քանի՞սն են ներառվել ՀԾԿՀ գործունեության ծրագրում, քանիսը՝ ոչ: Վարդան Այվազյանը նշեց, որ ինքը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի տեղեկություններ ներկայացնեն, այնուհետև հայտնեց, որ մարտին մոնիթորինգի և գազի մատակարարման հարցերն ուսումնասիրող նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հաշվետվություն կներկայացվի: ՀԱԿ պատգամավոր, գազային հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ 8-9 ամիս է անցել հանձնաժողովի «կիսաավարտական» զեկույցից. «Թեև մեր մոտեցումները տարբեր էին, բայց մենք ինչ-որ բան արեցինք, տանջվեցինք, չարչարվեցինք, լավ նյութ մշակեցինք: Կառավարությունն այս ամբողջ ընթացքում որևէ գործնական եզարակացություն արե՞ց, թե՞ չէ, այսինքն՝ մեր էդ չարչարանքը գործնական առումով ինչ-որ բանի պետք եղա՞վ»: «Մենք տիտանական աշխատանք ենք կատարել»,- գործընկերոջն «ուղղեց» Վարդան Այվազյանը:
