Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը»

Արմեն Գրիգորյանը Թեհրանում էր

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ ունեցավ իրանցի գործընկերոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Կարևորեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի` ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը՝ խորացնելով ճգնաժամը, ասել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի-Աքբար Ահմադիան՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել բանակցությունների համար և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։

Արմեն Գրիգորյանն, իր հերթին, մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները և հայտարարել Իրանի հետ հարաբերությունները համակողմանի զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Ըստ իրանական գործակալության՝ Արմեն Գրիգորյանը մատնանշել է Իսլամական Հանրապետության արդյունավետ դերը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Ըստ Էրդողանի` «Ղարաբաղի հարցում արդարությունը հաղթել է»

Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի նախագահը երկրի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե «Ղարաբաղի հարցում արդարությունը հաղթել է»։ Էրդողանը մի շարք այլ թեմաների էլ է անդրադարձել։ Մասնավորապես նշել, թե Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի», - նշել է նա՝ անարդար որակելով վիզաների տրամադրմանը բախվելու խնդիրը։

ԵՄ. Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով այս պահին տեղի է ունենում ԼՂ հայերի զանգվածային գաղթ

«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում», - ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։ «Անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը», - նշել է Ստանոն:

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը նշել է՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է հավելյալ 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: «ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք հաջորդ օրերի ընթացքում: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղում զարգացումներին», - նշում է հաղորդագրությունը։

ՀՀ-ն ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Այդ մասին տեղեկությունը սեպտեմբերի 29-ին տեղադրվել է դատարանի պաշտոնական կայքէջում: «Հայաստանը՝ վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, դատարան է ուղարկել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։

Բացի այդ, հայկական կողմը հայցի տեքստում ներառել է սեպտեմբերի 19-ից հետո իրենց կողմից օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։

Հայաստանը նաև պնդում է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։

Հայցում նշվում է, որ Բաքուն պետք է ՄԱԿ-ի դատարան ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում զեկուցի դրա իրականացմանն ուղղված միջոցառումների մասին, այնուհետև երեք ամիսը մեկ տեղեկացնի այդ մարմնին, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։

Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել իր կայացված որոշումներով Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված։

Բաքուն ԱՄԿ-ի միջազգային դատարան ներկայացրած Հայաստանի հայցը համարում է անհիմն

Ադրբեջանը ռասայական խտրականության գործով Բաքվի դեմ Միջազգային դատարան ներկայացված հայցը համարում է անհիմն և իր դիրքորոշումը կներկայացնի այդ դատական մարմնին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով, Հայաստանի հայցերը «ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից», ինչպես նաև «ուղղված են ադրբեջանցիների դեմ ռասայական թշնամանք հրահրելուն»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3186 անգամ
Լրահոս
Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am