Նախարարը փորձում է շտկել իրավիճակը
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարզաբանել է, թե ինչու է շրջանառության մեջ դրվել ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը: «Օտար լեզուների հայեցակարգերի նպատակն է, որ դպրոցականները լավ տիրապետեն օտար լեզվի: Մեր երեխաները հրաշալի գիտեն հայալեզու գրականությունը, բայց ընդունվում են Ֆիզիկայի ֆակուլտետ ու պարզվում է՝ օտար լեզու չգիտեն: Եթե ուզում ենք սեփական դրոններն ունենալ, զարգացնել գիտությունը, պետք է բարձրացնենք օտար լեզվի իմացության մակարդակը Հայաստանում: Մենք հայագիտության բլոկին ձեռք չենք տալիս, պարզապես խորացնում ենք օտար լեզուների ուսուցումը»- ասաց Լևոն Մկրտչյանը տեղեկացնելով, որ ներկայումս երկու հայեցակարգ կա մշակված՝ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լատինատառ հենքի վրա և ռուսերեն: Լրագրողների դիտարկմանը, թե հայեցակարգում նշված է, որ վարչապետի հանձնարարականով է ստեղծվել, սակայն Կարեն Կարապենը հերքում է այդ լուրերը, Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ եղել է ընդհանուր օտար լեզուների վիճակի բարելավման հանձնարարական. «Վարչապետի կողմից եղել է հանձնարարական՝ օտար լեզուների ուղղությամբ դրական որակական փոփոխություն առաջացնելու ուղղությամբ, դեռևս դեկտեմբերին ստեղծվել է երկու հանձնախումբ՝ հանձնարարությունը կատարելու համար»:
