«Դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է». Գարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թե Թուրքիայի, թե Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը: Հայաստան ժամանած Փայլանը նշեց, որ իր հիմնական նպատակը հայ-թուրքական կապերի բարելավվումն է, որոնց համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ: «Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք հենց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ այս անգամ: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն ունենք, եւ ես այստեղ եմ այդ պատասխանատվության համար»,- ասաց Գարո Փայլանը: Հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր չեղարկման հետ կապված հարցին այսպես պատասխանեց. «2009 թվականի պայմանները չկան, երբ ստորագրվեցին արձանագրությունները: Կարևոր բան են արձանագրությունները, բայց պետք է մաքուր թուղթ ունենանք: Դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է»:
