Կարո Փայլանն այսօր կհանդիպի «Ելք» դաշինքին, որից հետո Սերժ Սարգսյանին
Թուրքայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն այսօր հանդիպելու է «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին: Այս մասին Կարո Փայլանն ասաց Ամերիկայի հայկական գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսում: Փայլանի խոսքով, «Ելք» դաշինիքի հետ հանդիպելուց հետո պետք է հանդիպում ունենա նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը հիշեցրեց, որ ինքն արդեն հանդիպումներ է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ պատգամավորների, Արամ Առաջինի եւ Գարեգին Բ-ի հետ: Իսկ մինչ այդ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ փորձելու է ջանքեր գործադրել հայ-թուրքական երկխոսության վերսկսման ուղղությամբ: «Ամենամութ ձմեռվա մեջ պետք է մենք՝ ժողովրդավարներս, գտնենք ճամփա, պետք է ջանք թափել: Ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում, և Հայաստանն ավելի ինքնավստահ է հիմա, երբ ասում է, որ եթե այսպես չլինի, կանի որոշ գործողություններ: Երկխոսության դուռը պետք է բացել, և ես փորձելու եմ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Երբ Թուրքիա վերադառնամ, նախարարների հետ պետք է խոսեմ, դուռը քիչ մը բանալու համար պետք է ջանամ», - հայտարարեց Փայլանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի հայտարարությունը:
