Կառավարությունը մերժել է «Ելք»-ին
««Ելք» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարելու փոփոխություն, որի էությունը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն», - կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը մերժեց: Նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե պատգամավորները առաջարկում են, որպեսզի նշվի, որ այդ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն: «Օրենսդրությունը երկու տարբեր հասկացություն է տարանջատում՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը, և անարգել ելք ու մուտքի հետ կապված բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքը ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն: Բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ՝ կա ստանդարտ ռեժիմ տեսակցություն ցանկանալու և կա ռեժիմ, որ, անկախ նրանից, քննիչը արգելանք դրել է, թե ոչ, անձը իրավունք ունի տեսակցելու », - ներկայացրեց Դ. Հարությունյանը։ «Այդ իրավունքից այսօր օգտվում է Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրը և եթե կալանավորված անձը դատավոր է, այդ իրավունքից օգտվում է նաև վճռաբեկ դատարանի նախագահը:Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա», - ասաց նախարարը։ Նման պրակտիկա որևէ երկրում կա՞,հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, Դավիթ Հարությունյանն էլ պատախսանեց, որ եթե խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ, և Մարդու իրավունքների պաշպանը, խոստովանահայրը ունեն այդ կապը: «Կան երկրներ, որտեղ կա նման պրակտիկա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գտնենք մի երկիր, որ նման պրակտիկա կա և անպայման բերենք Հայաստան», - ավելացրեց նախարարը։ «Շատ լավ», - արձագանքեց վարչապետը։
