Արա լեռան վրա խոշոր հրդեհը մեկուսացվել է առավոտյան
hayeli.am-ը երեկ ահազանգ էր ստացել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանից, ով հայտնեց ,որ Արա լեռում հրդեհ է բռնկվել: Անսպասելիորեն բռնկված հրդեհը տարածվել է լեռան ողջ երկայնքով: Մեր զրուցակիցը հայտնել էր , որ տեղում աշխատում են հրշեջներ, սակայն դա բավարար չէ` հրդեհը մարելու համար: Նա ահազանգել էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք: Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
