Թուրքիայում առկա է մեկ մարդու` Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, ով ամեն ինչ կուտակում է իր ձեռքերում.թուրք գործիչ
Թուրքիայի Մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց՝ Հայաստանում գտնվելը խորհրդանշական շարունակությունն է 2008 թվականին սկսված գործընթացի: Հայաստանում են նաև Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն, գրող, ակտիվիստ Սաիդ Չեթինօղլուն: «Ուզում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի վերջապես Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մեր երկու հասարակությունները մերձենան։ 2008 թվականին սկսված մերձեցման այն գործընթացը, որը նաև զուգակցվում էր ցեղասպանության մասին հիշողությունների վերհանումով հետագայում Թուրքիայում ավտորիտար ռեժիմի կոշտացման հետ միասին ձախողվեց։ »,- ասաց Ալի Բայրամօղլուն Բայրամօղլուն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՝ ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տալուն՝ պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Ավտորիտար ռեժիմը մի փաստ է Թուրքիայում, որը բացասաբար է ազդում թե՛ արտաքին քաղաքականության վրա, թե՛ Թուրքիայի ներքին խնդիրների վրա,ասաց նա: « Այսօր այդ հարցն օրակարգի ամենավերջին տեղերում է: Թուրքիայում առկա մեկ մարդու` Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, ով ամեն ինչ կուտակում է իր ձեռքերում, մեծ խոչընդոտ է առաջացնում այս խնդրի շուրջ ռացիոնալ որոշումների կայացմանը և ավելի շատ հակված է պոպուլիստական, ազգայնական մտածողությամբ մոտենալ այս խնդիրներին»,- եզրափակեց Բայրամօղլուն: Նշենք,որ թուրք գործիչները, ովքեր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստանում են, ցանկանում են տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
