Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում ավելի կոնկրետ էր, քան Սերժ Սարգսյանինը.Ստ.Սաֆարյան
Արցախի մասով Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում ավելի կոնկրետ էր, քան Սերժ Սարգսյանինը: Եթե Սերժ Սարգսյանը բավարարվեց ընդամենը Հայաստանի դիրքորոշումը /Արցախի անկախ կարգավիճակի մասով/ ֆիքսելով, Ալիևը դրանից զատ /որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգմվելու ենթակա է/ խոսեց քայլերի ու ՄԱԿ-ից իր ակնկալիքների մասին. պարզ հայտարարեց, որ ՄԱԿ-ի ռեֆորմների ժամանակ իրենք դնելու են բանաձևերի երաշխավորված կատարման խնդիրը: Իսկ թե ինչ է անելու Հայաստանը կամ ինչ է ակնկալում Հայաստանը ՄԱԿ-ից, ոչ մի խոսք: Ապրիլյան պատերազմի մասով էլ հանուն արդարության Ալիևն ավելի հստակ արտահայտվեց, քան Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ընդամենը գանգատվեց, թե Ադրբեջանը պատերազմի հանցագործություններ է կատարել, Իլհամ Ալիևը ավելի հեռուն գնաց՝ իրար կապեց Խոջալուից մինչև 90-94թթ. պատերազմը, Հայաստանին որակեց ագրեսոր, իսկ ապրիլյան պատերազմն էլ դրա շարունակություն, իրենց արածն էլ՝ համարժեք ու խիստ պատասխան: Մի բան էլ հոխորտաց, թե էլի ենք անելու: Եվ որ ամենազավեշտալին է՝ Հայաստանի նախագահին անվանեց պատերազմի հանցագործ ու Խոջալուի պատասխանատուներից մեկը: Հիմա հարց. այսքանից հետո Սերժ Սարգսյանը նստելու՞ է Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ Թե արժե համանախագահների առջև հարց դնել /որ նրանք էլ Ալիևին փոխանցեն/՝ ինչու է Իլհամ Ալիևը ուզում "առարկայական բանակցություններ վարել պատերազմի հանցագործների հետ, այդպիսի բանակցություներ վարելու համար թող սպասի այնքան, մինչև Հայաստանում չլինեն պատերազմի հանցագործներ": Այսպիսի անփութություն բանակցային գործընթացի նկատմամբ աններելի է. սահմանում թույլ ենք տվել հակառակորդը լպիրշանա, սեփական երկրում հայտարարություններ անելիս ու բանակցություններում էլ նույն պատկերն է. տղայական լեզվով ասած՝ Ալիևը և հայհոյում է, և հայհոյելուց հետո նստում զրուցելու... Իսկ Հայաստանը տեսք է ընդունել, թե ոչինչ էլ չի եղել... Եւ սրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի համար քաղաքական գործիչները թաղի ավտարիտետներն են, քաղաքագետները՝ սազանդարները, պետական գործիչները՝ մանր գողերը, ժողովրդական ու վաստակավոր արտիստները՝ Արամեներն ու Արմենչիկները... Դե ավելի լավ ելույթ ՄԱԿ-ում պետք էլ չէր սպասել: Ստեփան Սաֆարյանի գրառումը
