Հարևան Իրանի արգելակող պլանը. «Զանգեզուրի միջանցք» ասելով ադրբեջանական կողմի «բերանը» չի քաղցրանում

Անկարայից դարձյալ կրկնում են` «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին

«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին», - երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք որոշակի ճանապարհ ենք անցել, և ես հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը կյանքի կկոչեն այս ծրագիրը», - APA գործակալության փոխանցմամբ, նշել է թուրք նախարարը։

Օրերս էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության»։ «Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշում էր Բայրամովը՝ շարունակելով՝ Բաքուն այս ծրագրի իրագործումը կշարունակի ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի, «այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

Բայց միևնույն է Բաքուն ու Անկարան շարունակում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել, թե ինչ են ակնկալում Հայաստանից:

«Հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի». Իրանի պաշտպանության նախարար

Վերջին օրերին որքան շատ նյութեր տարածվեցին Հայաստանի և Արցախի շուրջ Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, այնքան հետևողականորեն Իրանը լծվեց Ադրբեջանի կողմից հարձակումը կանխելուն ուղղված գործին:

«Տարածաշրջանում պատերազմ չի լինի», -երեկ Թեհրանում, կառավարության նիստի ավարտին հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը։ «Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», - ասաց նախարարը։

«Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին՝ հավելելով. - «Կովկասում վերջին զարգացումների առումով որևէ առանձնահատուկ իրադարձություն չենք կանխատեսում»։

Անդրադառնալով տարածաշրջանում լարվածությանը, նա հայտարարել է. «Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ առանձնահատուկ բան տեղի չի ունենալու: Տարածաշրջանում պատերազմ չի լինելու»:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, նա նշել է. «Այդ հանձնաժողովին քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մենք երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ էլ սերտ հարաբերություններ ունենք, և երկուսն էլ մեզ համար կարևոր են: Երկու երկրների հետ փոխգործակցությունն էլ շարունակելու ենք»:
Անդրադառնալով երկրի հյուսիս-արևմուտքում զինված ուժերի կենտրոնացման հարցին՝ Աշթիանին նշել է. «Տարվա ընթացքում մենք զորավարժություններ ենք անցկացնում սահմանին: Զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի և տեղի են ունենում սահմանամերձ բոլոր շրջաններում։ Դա բնականոն գործընթաց է»:

Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

«Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում, - երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին։ «Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե Իրանն իբր կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, հիմնազուրկ է», - նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հասանովը Բաղերիին շնորհակալություն է հայտնել ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման նպատակով Ադրբեջան պատվիրակություն ուղարկելու համար։

Նա առաջարկել է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել՝ հավելելով, որ «Ադրբեջանը հարգում է երկրների ինքնիշխանությունը և աչք չունի հարևան երկրների տարածքների վրա»։ Բաղերին բարձր է գնահատել Ադրբեջանում Իրանի զինված ուժերի պատվիրակության լավ ընդունելությունը և հերքել Ադրբեջանի սահմանին զինված ուժերի տեղակայման մասին շրջանառվող լուրերը։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը վերահաստատել է Իրանի այն քաղաքականությունը, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու այս հակամարտության կարգավորման հարցում։ Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։

Բաքուն հույս ունի, որ հայ-ամերիկյան զորավարժությունները «չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը»

Մինչ Ադրբեջանի կողմից պատերազմ բռնկելու իրավիճակից հինգ պակաս է, անընդհատ տեղեկատվություն է ստացվում Իսրայելի կողմից Բաքվին զինելու մասին, պարզվում է, Ադրբեջանը «մտահոգված» է հայ-ամերիկյան զորավարժություններով...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը։ Երեկ Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով թուրքական պետական Anadolu գործակալության հարցին՝ նա նշել է, որ զորավարժություններն ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի դիրքորոշմանը, միաժամանակ հայտարարելով․ - «Մենք հույս ունենք, որ այդ, եկեք ասենք, գործողությունները Հայաստանը չի օգտագործի տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու համար»։

Նա կրկնել է Ադրբեջանի կոչերը Հայաստանին՝ խուսափել «սահմանային սադրանքներից», «չսնուցել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում», անհապաղ դադարեցնել «Հայաստանի անօրինական ռազմական ներկայության ֆինանսավորումն ու այլ տեսակի աջակցությունները, դուրս բերել ռազմական ուժերը Ադրբեջանի տարածքից»։

«Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի»

Բառացիորեն երեկ Նիկոլ Փաշինյանը Politico Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում, և նշել է, որ հետևաբար Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ «Եվրամիության դիտորդական առաքելությունը կարող է հաստատել, որ Հայաստանը սրացման մտադրություն չունի», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է զորքերը հետ քաշել ելման դիրքեր, և Հայաստանը պատրաստ է այդ քայլին։

Հայաստանի արտգործնախարարությունն էլ երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում, և կոչ է արել սահմանից զորքերը հայելային հետ քաշել նախկին Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևի ասուլիսում ասել է, որ մի շարք հոդվածներ կան, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են, բայց կան նաև կետեր, որտեղ դիրքորոշումները բավականին տարբեր են ու ավելի շատ քննարկումներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը պետք է առանց տարընթերցումների լինի, փոխադարձ ու պարզ՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի ու իրավունքի վրա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին երեկ Ազգային ժողովում ասաց, որ նախօրեին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ «Ցավոք, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից», - նշել է Միրզոյանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17671 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am