Դատավորից ինքնաբացարկ են պահանջում. ակտիվիստները զայրացած են
Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց երեկ շարունակվում էր «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած բողոքի ցույցը ՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի:
Դատարանի դիմաց հավաքվել է մոտ 30 քաղաքացիական ակտիվիստ, որոնք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին և կոչ են անում երիտասարդներին միանալ իրենց:
Դատարանի դիմաց բազմաթիվ ոստիկաններ կան, լարված մթնոլորտ է: Ակտիվիստների ձեռքին զանազան գրություններով պաստառներ են՝ «Ազատագրենք երկիրը ներքին թշնամուց», «Կազմակերպված ժողովուրդն ամենազոր է», «Քաղաքական հետապնդումները դադարեցրեք», նրանց ձեռքին նաեւ Գեւորգ Սաֆարյանի ու Հայկ Կյուրեղյանի լուսանկարով պաստառներ են:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին:
«Մեզ համար տարօրինակ էր մի քանի հանգամանքներ, ինչո՞ւ է գործը քննվում Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, եթե ենթադրյալ հանցագործությունը քննվել է Կենտրոնի դատարանում, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը եւս քննվել է Կենտրոնում, հարց ուղղեցինք դատավորին, մնաց անպատասխան: Բացի այդ՝ հարց ուղղեցինք դատավորին, ով քննել է հարյուրավոր միջնորդություններ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքը երկարացնելու մասին, հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է մի դեպք, երբ մերժել է քննիչի միջնորդությունը, այս հարցին դատարանը նույնպես պատասխան չունի, չկա մի գործ, որ դատավորը մերժի քննիչի միջնորդությունը: Հարցրեցինք, թե ինչու է դռնփակ դատական նիստը, պետք է հիմնավորում լինի դրա համար, այս հարցին նույնպես չպատասխանեցին: Մենք համարում ենք, որ դատավորը անաչառ չէ եւ քննչական մարմիների նկատմամբ ունի վերաբերմունք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը:
Այժմ դատարանը քննում է Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Գեւորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել, նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, հայտարարել էր, թե վերջինիս նկատմամբ իրականացվում է ահաբեկչություն քրեածին տարրերի ձեռքով:
Աստղիկ Ավագյան

