Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ մամուլում արված հայտարարությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ բացի մամուլի հրապարակումներից ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին»։
