Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին», – հավելել է Ալիևը: Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա: Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը: Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով: Երեկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի իր ելույթում փորձել է Սփյուռքի գործոնով ուժեղացնել Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` դրան հաղորդելով համազգային բնույթ: Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները: Որևէ պարագայում չի կարելի պետության որակի բացը լրացնել բաղադրիչով, որը կենսունակ կարող է լինել միայն պետության արդյունավետ քաղաքականության պարագայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am