«Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան».Հրանուշ Հակոբյան
«Սփյուռքի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական համայնքներում շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, և դրանով ուծացման գործընթացն արագանում է:Հայաստանից դուրս ապրող, մենք ասում ենք՝ 7 միլիոն հայ, բայց դրան պետք է գումարել ևս 2 միլիոն իսլամացած հայեր, որոնք այսօր փոփոխվող աշխարհում չեն վախենում խոսել իրենց ինքնության մասին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այսօր 118 երկրում ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ:Հայկական սփյուռքում՝ երկրներում և քաղաքներում, ունենք 829 համայնք և 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ, վանքեր, հազարից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն»,ասաց նա: «Հայկական համայնքները տեղաշարժվում են Միջին Արևելքից և փոքրանում են:Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին դասական սփյուռքի մեջ, ինքնակազմակերպման խնդիրներ կան որոշ տարածքներում, 70-80 տոկոսը չեն մասնակցում հայկական կյանքին, այսինքն՝ արտագաղթ կա համայնքներից, չկա տարբերակված աշխատանք հաջողակ և խոցելի խմբերի հետ, խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկական դպրոցները, նվազում է աշակերտների թիվը:Հայկական սփյուռքը հռչակվել է՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ:Եվ ամրագրել ենք այն Սահմանադրությամբ, և այստեղ գլխավոր խնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձությունն է, և երրորդը՝ լեզվի և հայկական պատմամշակութային արժեքների պահպանումը և երիտասարդությունների կրթությունը»,հավելեց նախարարը: « «Արի տուն» ծրագիրը հայապահպանության կարևորագույն ձևն է:Որքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին, երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ հայրենիքի մասին, միևնույն է՝ վերացական պատկերացումները չեն կարող հոգեկան այնպիսի տվայտանք առաջացնել, ինչպես, երբ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, տեսնում է իր աչքերով Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին, այլևս այս երեխան հայ է մեծանում:Սիրիահայերը հաստատվել են Հայաստանում, և նշեց, որ նրանցից շատ բան ունենք սովորելու: Սիրիահայերը համեստ, գործունյա մարդիկ են և 4-5 տարվա ընթացքում այնպիսի բիզնեսներ են անում, որ հայաստանցիները տարիներ շարունակ չեն կարողանում: «Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան»,- ասաց նա:
