Թրամփն ինձանից ներողություն է խնդրել Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով.Էրդողան
Ինչպես նշում է The Guardian-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 16-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում իր թիկնազորի կողմից իր այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպին: « ԱՄՆ նախագահը զանգահարել է ինձ ու ներողություն խնդրել ամերիկյան իշխանությունների կողմից անվտանգության 15 աշխատակցի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու համար:Նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ է այդ հարցով ինձ զանգահարել: Նա ասաց, որ շատ է ափսոսում, ինչպես նաև հավելեց, որ այս հարցը կքննարկվի իմ՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ»,-ասել է Էրդողանը: Սպիտակ տունը սակայն շտապել է հերքել այս հայտարարությունը՝ նշելով, որ Թրամփի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել, սակայն ներողություն չի հնչել:
