«Նողկանքից բացի այլ զգացողություն չես ունենում»
Օրեր առաջ հրապարակվեց հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, որին անդրադառնալով քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դուխ չունեն Սահմանադրությանը բացահայտ դեմ գնան ու ռուսաց լեզվին հստակ «օրինական» «ստատուս» տան, վարչապետի հանձնարարած հայեցակարգով այդ լեզվի կարգավիճակը դարձրել են սրեդնի ռոդ (պետական ու օտար լեզուների միջև միջանկյալ)՝ մարդկության անհայտ մի սեռ, ջորի, իսկ լեզուն էլ՝ ասես ապօրինի ծնունդ լինի՝ չգիտես ովքեր են պապան ու մաման: Ամոթ է, կապիկությունները թարգեք: Դասընկերուհիներիցս մեկը դպրոցն ավարտելուց հետո ամուսնացավ համագյուղացի տղաներից մեկի հետ ու գնացին Ռուսաստանում ապրելու: Տարիներ առաջ ամռանը գյուղում պատահաբար հատվեցին մեր ճանապարհները: Դե կարոտ, հիշողություններ և այլ բաներից հետո հետաքրքրվեցի երեխաների հայերեն լեզվի իմացությամբ: Դեմքը հպարտությունից փայլեց. «անթերի է, Ստյոպ ջան, ավելին՝ մանկուց բոլորին սովորացրել եմ, որ մեր գյուղի բարբառով էլ խոսեն: Բա ինչու պետք է կորչի իմ գյուղի լեզուն»,-կատարելապես դագաղի մեխը խփեց նա: Շշմած էի, հիացած էի, հպարտ էի, որ այդքան թասիբով աղջիկ կա, ով ամեն ինչ արել է, որ Ռուսաստանում երեխաները ոչ միայն լավ ռուսերեն իմանան, այլ նաև գրական հայերեն ու Տավուշի գյուղերից մեկի բարբառը: Ու նայում ես պնակալեզ իշխանական էլիտայիդ, որոշ մտավորականներիդ, նողկանքից բացի այլ զգացողություն չես ունենում»:
