«Մենք 2018թ. գարուն մտնելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների». Շավարշ Քոչարյան
Ժողովրդավարական ճանապարհով գնալու փոխարեն, այսօր Թուրքիան բռնապետական ճանապարհով է գնում, ժխտողական քաղաքականություն է որդեգրել, և Թուրքիայի այդ պահվածքը հանգեցրեց նրան, որ ՄԱԿ-ում ՀՀ նախագահն անդրադառնա Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցին, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Քննարկվեցին հարցեր՝ կապված տարբեր երկրների հետ մեր հարաբերությունների խորացման հարցում Սփյուռքի դերակատարման մասին: Առաջին հերթին՝ դա վերաբերում է մեր երկու հարևաններ Վրաստանին և Իրանին:
Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռենություններով:
Մենք մեր արդար գիծը տանելով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, միաժամանակ ընկալվում ենք՝ որպես առաջնամարտիկ Ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ժամեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը հայտարարեց, որ թող չմտածեն, թե մենք այդ պայմաններում կարող ենք պատանդ մնալ: Այդ արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ ու մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների», - ասաց Շավարշ Քոչարյանը:
