Արաքսի հիդրոհանգույցների մասին Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է,որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում, որն առնչվում է ջրային ռեսուրսների օգտագործմանը, Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների ու հիդրոհանգույցների կառուցման շարունակմանն ու շահագործմանը։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը ,որում նշված է, որ Իրանը ապահովելու է հիդրոէլեկտրակայանների ու հիդրոհանգույցների կառուցման ավարտը, դրանցում էներգետիկ ու ջրային ռեսուրսների պահպանումն ու շահագործումը՝ «մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում» (ընդգծվում է, որ Ադրբեջանը ներկայումս չի վերահսկում այդ հիդրոհանգույցները) ստորագրել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահները՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ համաձայնագրում նշված է, որ կողմերն այդ օբյեկտներն օգտագործելու են հավասար իրավունքներով, և որ ադրբեջանցի մասնագետները մասնակցելու են շինարարական աշխատանքներին ու շահագործմանը։ Ադրբեջանական մամուլն այս համաձայնագիրը որակել է որպես «պատմական»։
