Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին: «Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը: Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումների: Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար: Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից: Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների: Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքան-չյուր երկու հանրապետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»:
