«Սփյուռքի պարտականությունն է միասնական ուժերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը». Ոսկանյան
Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայում Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը հայտնեց, որ միջազգային տնտեսության կայուն զարգացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացրեց՝ կայուն զարգացում է սպասվում Եվրամիությունում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Դա նպաստավոր է Հայաստանի տնտեսության զարգացմանը զարկ տալու համար: Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի միջին աճը պետք է կազմի առնվազն 7 տոկոս և այն ապահովելու համար պետք է փոփոխություններ իրականացվեն արտաքին քաղաքականությունում և Սփյուռք-Հայաստան հարաբերություններում: «Սփյուռքի պարտականությունն է միասնական ուժերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- ասաց Ոսկանյանը:
