«100 Էռնեկյան գա Հայաստան՝ մենք Իսրայելին կանցնենք». Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ սփյուռքահայերին բացատրեց, թե ինչու նրանք պետք է հենց Հայաստանում ներդրում անեն: Ինչպես ասաց՝ ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ երկրի նախարարները, վարչապետը, նախագահը խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս: Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի ԵՏՄ մտնելն ու միջազգային սանկցիաների խստացումը ՌԴ-ի վրա ծագումնաբանորեն համընկան. «1,5 տարի մենք Հայաստանից նույնիսկ կոնյակ չէինք կարողանում նորմալ արտահանել, որովհետև ռուբլին տատանումների մեջ էր: Այդ վտանգն անցավ, այսօր կա նորմալ շուկա, և մենք աշխատում ենք: Այսօր հենց ԵՏՄ-ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք է տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան: Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկեք, փող դրեք և աշխատեք: Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք: 100 Էռնեկյան Հայաստան գա՝ մենք Իսրայելին մեր զարգացման տեմպերով կանցնենք»
