Որտեղի՞ց առաջացավ նոր վարկի գաղափարը.Արամ Մանուկյան
ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, նշեց.«Վրաստանում բենզինի, դիզելի գները 40-50 տոկոսով ավելի էժան են, այդ դեպքում ինչպե՞ս են գները ձեւավորվում ՀՀ-ում: Նաեւ ուզում եմ իմանալ՝ դոլար-դրամի փոխարժեքի փոփոխությունների պարագայում գազի գինը մնալու է նո՞ւյնը: Նշվեց, որ երկու տոկոսով ՀԷՑ-ում պակասել է կորուստը, ստացվում է՝ այդպիսով ընկերության եկամուտները ավելացել են: Հիմա, արդյոք դա հիմք չէ՞ գազի սակագինը վերանայելու:Անցյալ տարվա օգոստոսի մեկին որոշում կայացվեց յոթ դրամով ավելացնել գազի սակագինը, որպեսզի այդպիսով փակեն ՀԷՑ-ի պարտքերը:Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ նոր վարկի գաղափարը՝ երեսուն մլն դրամանոց: ՀԷՑ-ից վստահեցնում են, որ դա իրենց պարտքը չէ»: «Բենզինի գների մասին, եթե ինձնից պատասխան եք ուզում ստանալ՝ ինչու է այդպես, ապա ասեմ, որ դա իմ գործառույթը չէ: Ես կարող եմ միայն մասնավոր կարծիք ասել, սակայն պետական կառույց եմ ներկայացնում եւ ձեռնպահ կմնամ:Գազի սակագինը սահմանի վրա մեկ տարի առաջ 189 դոլար էր, որը իջեցվեց 165 դրամի: Նախ ասեմ, որ Գազպրոմը, որ ստորագրել է ՀՀ կառավարության հետ պայմանագիր, նշել է, որ 2015թ.՝ մեկ տարվա ընթացքում պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք փոխարժեքի տատանումներով ինքը կրել է։ Նշենք, որ մեկ տարի առաջ փոխարժեքը 413 դրամ էր, ինչպես նաեւ՝ պետք է փոխհատուցի այն ներդրումները, որոնք կատարել է: Հիմա նոր բանակցություններ են գնում՝ հետագայում գազի գինը սահմանին վերանայելու համար: Ինչ վերաբերում է կորուստներին, ապա ՀԷՑ-ը դեռ այն ժամանակ ասել էր, որ կա երկու պատճառ՝ հաշվեկշռի մեր կանխատեսումների անհամապատասխանություն, որը ՀԷՑ-ի մեղքով չէ, ու որը մենք պարտավոր ենք փոխհատուցել, նաեւ՝ վատ կառավարումն էր»,-պատասխանեց Ռ.Նազարյանը:
