«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել». Կարո Փայլան
Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում իր ելույթում նման կարծիք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Մենք վերք ունենք, որը դեռ անբուժելի է, և գիտենք, որ այդ վերքը միայն այս երկրի մեջ է բուժվելու՝ Թուրքիայի, Անատոլիայի մեջ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք մեր սերնդներին փոխանցել այս հարցը. ո′չ, իրավունք չունենք: Մենք լավ գիտենք, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի մեր պապերի և հայրերի ապրած անարդարությունն արդար լուծում ունենա»,- ընդգծեց Փայլանը:Փայլանը շեշտեց, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը, որով երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի, իրականում ծառայում է մեկ անձի նպատակների իրագործման համար: «Ես դեմ էի նոր Սահմանադրությանը: Այն հիմնված է մեկ կրոնի և մեկ ինքնության վրա, ես ասացի, որ մեծ սխալ կկատարվի»: Կարո Փալյանը նշեց, որ այսօր, դժբախատաբար, Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց՝ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը: Նրա խոսքով՝ Թուրքիայում մնացած հայերը լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի, պահանջների մասին. «Թուրքահայերն ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: Առաց առերեսվելու ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել»: Կարո Փայլանը նշեց, որ Թուրքիան հիմա վերադարձավ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանի մեջ «ցեղասպանություն» բառի գործածությունը հանցանք է համարվում: «Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը կգոցե ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,-ասաց նա: Կարո Փայլանը նկատեց, որ ժողովրդավարության պայքարը դժվար պայքար է, և վերջին երկու տարվա ընթացքում ազգայնամոլությունն է հաստատվում: «Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ կպայքարենք, որ արդար լուծում ստանա:
