Ադրբեջանը գնել է չեխական ինքնագնաց հաուբից և հրթիռային համակարգ
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Այս մասին գրում է Ռազմինֆոն: DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ: RM-70 ՀԿՌՀ-ն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով՝ մինչև 21 կմ: Այն գրեթե նույնական է խորհրդային/ռուսաստանյան արտադրության «Գռադ» ՀԿՌՀ-ին:
