«Վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ». Էդվարդ Նալբանդյանը հիշեց Կիկոսի պատմությունը
Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն Ադբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, և կստանա շատ խիստ պատասխան: Այնուհետև սփյուռքահայերից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ասաց, որ իրենց սարսափեցնում է փոխզիջում բառը, և հարցրեց «Ինձ Մարսելի հայերը խնդրեցին ձեզ հարցնել՝ մենք ի՞նչ ունենք զիջելու եւ բանակցությունների մեջ այդ բառը՝ փոխզիջում, օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան ասաց. «Մեկը ինձ ասում է, որ վերջապես պետք է լուծե՛լ Ղարաբաղի խնդիրը, լուծե՛ք, այլեւս չենք կարող սպասել, պետք է լուծե՛լ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում՝ լուծե՛ք: Ասում եմ՝ եկեք դուք լուծեք, մինչեւ հիմա մենք չէի՞նք ցանկանում լուծել, բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե բանակցային գործընթացում որտեղ էինք եւ որտեղ հասանք եւ միջազգային հանրությունը որտեղ էր եւ որտեղ հասավ՝ ըմբռնման իմաստով մեր դիրքորոշումների եւ մեր մոտեցումների: Իմ ուղերձում ես նշեցի, թե քանի հայտարարություններ են արել եռանախագահող երկրները, որոնք ասում են՝ այո, Ադրբեջանն է խախտում, Ադրբեջան, մի՛ քննադատիր եռանախագահողներին, մի՛ փորձիր տեղափոխել այլ ձեւաչափեր այս բանակցային գործընթացը»: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն և Ադբեջանի կողմից այդ հողերի վրա զենք տեղադրելուն՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մենք չենք վերադարձրել հողեր. «Մի կարծեք՝ մենք միամիտ ենք, դուք՝ չէ, և կարող ենք հավատալ և հանձնել: Դուք խոսում եք Կիկոսի մահվան պատմության մասին՝ վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ»: Անդրադառնալով Հայաստան-Վրաստան հարաբերություններին, նախարարը դրանք համարեց բարձր մակարդակի: «Իրականության մեջ չկան խնդիրներ Հայաստանի և Վրաստանի միջև, որ մենք չենք կարող լուծումներ գտնել: Հարցերը բազմաթիվ են, ինչը բնական է, և դա է պատճառը, որ հաճախ հանդիպումներ ենք ունենում»,-ասաց նա:
