Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին.նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է. Սիրելի՛ բարեկամներ, Սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածությունը քաջալերելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցություն տրամադրելը և համակարգումը եղել է պետական քաղաքականության առանցքում: Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն: Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր: Դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել: Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով: Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար: Մեր սփյուռքի գաղթօջախները բազմազան են և ոչ միատարր՝ կախված նրանից, թե երբ և ինչ պատճառներով են ձևավորվել: Միատարր չեն թե՛ իրենց պատմական փորձով, և թե՛ քաղաքական հայացքներով: Յուրօրինակ լինելով՝ ցանցերը միմյանց հետ պետք է շաղկապվեն և համագործակցեն թե՛ իրենց հյուրընկալ երկրներում հաջողության հասնելու, թե՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով: Հարգելի՛ գործընկերներ, Խոսելով սփյուռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնության պահպանման, մշակութային զարգացման և օտար հասարակություններում ներգրավվելու ու հաջողության հասնելու մասին, անշուշտ պետք է նկատի ունենանք աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները և քայլենք ժամանակին համընթաց: Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա: Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է փոխվում հենց սփյուռքի կայացած համայնքների կառուցվածքը: Այո՛, մենք տեսնում ենք, որ Հայաստանը և հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անոթներ: Մեր խնդիրն է, որ այդ շփումները և հաղորդակցությունը գան զարգացնելու և զորացնելու ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայ համայնքը: Մենք անխուսափելիորեն քննության առարկա պետք է դարձնենք հայի ինքնության հետ կապված հարցերը: Ուրախ եմ, որ այս հարցադրումը տեղ է գտել այս համաժողովի օրակարգում: Համոզված եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է: Սա է այն ձգողական և կենսատու ուժը, որը առավել հզորացնում է մեր քույրերին և եղբայրներին իրենց բնակության երկրներում: Իհարկե, ինչպես եզրակացրել էին «Գյուլբենկյան» հիմնադրամի հովանու ներքո իրականացված մի հետազոտության հեղինակները, այս ընթացքում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք և մշտական հոգածություն ներքո պահենք գոյություն ունեցող համահայկական և համայնքային կառույցների զարգացումը և ներառական բնույթի նախաձեռնությունների իրականացումը: Պետք է նկատենք, որ անկախության հռչակումից հետո փոխվել է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը և դինամիկան: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ յուրացնում էինք անկախ պետականություն ունենալուց բխող բոլոր հնարավորությունները և բացահայտում գործակցության նոր հորիզոններ: Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ այս եռօրյա քննարկումներում։ Շնորհակալություն:
