Բաքուն արցախյան հակամարտության գործընթացը տանում է դեպի պատերազմ. Կարեն Միրզոյան
Այս պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու համար: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Նրա խոսքով, այդ քայլերը շարունակվում են ձեռնարկվել, սակայն «ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր»: Նրա կարծիքով, շփման գծում զոհերի բացառելը հայկական կողմերից կախված չէ: «Դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ»,- նշեց ԱԳ նախարարը՝ հավաստիացնելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Կարեն Միրզոյանը նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկվում է եւ լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ, այդպիսին էլ շարունակելու է մնալ։ Նախարարն ընդգծեց, որ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը լարվածությունը հակամարտության գործում մեծացնում է, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետեւողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջեւ եւ վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը»: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ չնայած հայկական երկու պետությունների խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, որոնք օժանդակությունն են ստանում նաև հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից: «Իր բոլոր քայլերով, հատկապես 2016 թ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը»,- ասաց Արցախի արտգործնախարարը։ Կարեն Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը սանձազերծել է սպառազինությունների իսկական մրցավազք, ինչը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։ «Հիշեցնեմ, որ երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարեւոր փաստաթղթերը: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, մենք կկարողանանք նոր լիցք և բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին եւ այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաեւ համանախագահները, միջազգային հանրությունը, միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»:
