Հայաստանը զբոսավայր և բիզնեսի շուկա չէ. Արամ Ա կաթողիկոս
Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն իր ելույթում նշեց, որՀայաստանը զբոսավայր չէ, ոչ էլ բիզնեսի շուկա: «Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայուն հավաքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Անհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ։ Անհրաժեշտ է բաց լինել վաղվա օրվա նոր հորիզոններին և հակազդել մարտահրավերներին։ Ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնայնություն է: Հայաստանն ու սփյուռքը միայն գործընկերներ չեն։ Անհրաժեշտ է արդյունավետ և ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը։ Սակայն այդ համագործակցությունը պետք չէ դիտարկել տնտեսական նախագծերի տեսքով միայն։ Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և հակառակը»,-նշել է Արամ Ա կաթողիկոսը։
