Սարգսյան. Խաղաղություն չի կարող լինել, մինչեւ Ադրբեջանը չհաշտվի միջազգային սկզբունքների գոյությանը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ նման համաժողովները պատեհ առիթ են Հայաստան-Սփյուռք շունչը զգալու համար: Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Այսօր մենք պետք է գնահատենք մեր զինծառայողների հերոսությունն ու մարտական ոգին, սակայն չմոռանանք, որ կարճաժամկետ պատերազմում նաեւ կորուստներ ունեցանք: 2016-ի ապրիլին մենք վերստին ցույց տվեցինք մեր միասնականությունը եւ ոգու ուժը: Միջազգային դատարանները դեռեւս որոշումներ կընդունեն Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփյուռքում հայ հանրույթն իր դիքրոշումը կխստացնի: Չի կարող խաղաղություն լինել, մինչեւ Ադրբեջանը չհաշտվի միջազգային հանրության ամրագրած սկզբունքների գոյությանը: Պետության դիրքորոշումը չի փոխվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունն իր հայրենիքում ապրելու բնական իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր այս իրավունքն ամեն օր իրականացնում է պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ: Այս իրավունքը պատմական փաստ է, մնացյալ հարցերը կարելի կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մենք ապացուցել ենք, որ մեզ անհնար է այս ճանապարհից շեղել»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:
