Թուրքիայում ծրագրվում է 3-րդ ատոմակայանի կառուցումը
Թուրքիայում 3-րդ ատոմակայանի կառուցման նախագծի հետ կապված շուտով նոր զարգացումներ կլինեն: Այս մասին հայտարարել է միջուկային ռեակտոր արտադրող «Ուեսթինգհաուս»-ի գլխավոր տնօրեն Ժոզե Էմետրիո Գուտիերրեսը, ելույթ ունենալով Համաշխարհային միջուկային ասոցիացիայի համաժողովի ժամանակ. տեղեկացնում է Ermenıhaber-ը։ Թուրքիայի «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Ուեսթինգհաուս»-ը 2014թ. Չինական պետական միջուկային էներգիայի տեխնոլոգիական միության և Էլեկտրաէներգիայի արտադրության ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել: Պայմանագրի համաձայն նախատեսվում է Թուրքիայում 4 բլոկից բաղկացած ատոմակայան կառուցել: Թուրքիան ներկայումս սեփական միջուկային էներգիայի աղբյուրը չունի, սակայն աշխատում է միաժամանակ 3 ատոմակայանի նախագծերի ուղղությամբ: Մյուս երկու նախագծերը իրականացվում են ռուսական «Ռուսատոմ» ընկերության և ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից:
