ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են «Թուրանի» գործակալություն
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն: Համազեկուցողները «Թուրանի» գրասենյակում հանդիպում են ունեցել գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հետ, ով կարճատև ձերբակալությունից հետո ազատ է արձակվել սեպտեմբերի 11-ին: Համազեկուցողներից Ստեփան Շեննաքը զրույցի ժամանակ անդրադարձել է գործակալության` Ադրբեջանի հարկերի նախարարության հետ ունեցած խնդիրներին: «Մենք նախարարության կողմից գործակալության դեմ սկսված հետաքննության առաջին իսկ օրերից աջակցությունն ենք հայտնել «Թուրան»-ին, որը համարում ենք Ադրբեջանում տեղեկատվության և լրատվության վստահելի և անկախ աղբյուր»,- ասել է համազեկուցող Շեննաքը: Քննարկել են Ադրբեջանում լրատվական դաշտի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և «Թուրան» գործակալության հեռանկարների և զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
