Սա պայթյունավտանգ «խաղաղություն» է

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մոսկվայում տեղի ունեցած ԱԳ նախարարների անվանապես եռակողմ՝ Լավրով-Բայրամով-Միրզոյան, ըստ էության ու բովանդակության՝ երկկողմ հանդիպման ամփոփում-մանրամասնությունները բավականին հետաքրքրական են և սպառնալից, եթե չասենք՝ պայթյունավտանգ: «Երկկողմ»-ը տվյալ դեպքում նշում ենք ոչ թե որպես սարկազմ կամ բառախաղ, այլ, ինչպես նշվեց, բովանդակային առումով: Մեծ հաշվով, թե՛ Հայաստանի անունից հանդես եկող Միրզոյանը, թե՛ Հայաստանի ու հայության թշնամի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հանդես են գալիս գրեթե նույն դիրքերից: Երկուսն էլ հայտարարում են, որ Արցախը ադրբեջանական է, երկուսն էլ հիմնվում են Ալմաթիի 1991 թ. ինչ-որ հռչակագրի վրա, երկուսն էլ հայերին սպառնում են պատերազմով, եթե Բաքվի այս կամ այն քմահաճույքը չկատարվի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ի դեմս Լավրովի, ապա Մոսկվայում արդեն փաստացի լուծված-վերջացած հարց են համարում Արցախը, թշնամական խոսույթով՝ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանապատկան տարածք հռչակելը: Բայց վիճակն ավելի վատ է, քան կարելի է կարծել: Ու դա հստակ ուրվագծվեց ՌԴ ԱԳ նախարարի՝ հետհանդիպումային ելույթում ներկայացված մանրամասնություններով: Այսպես, Լավրովը, որպես ամենից զգայուն հարց, նշեց. «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան...

Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։ Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»:

Հասկանալի՞ է: Փոքր-ինչ բացենք փակագծերը: Արցախի հայերը այլևս դիտարկվում են որպես Ադրբեջանում ապրող «ազգային փոքրամասնություն», ու, ահա, թշնամական երկրի իշխանությունը, իբրև թե, պայմանավորվում է «ազգային փոքրամասնություն» հայերի ֆիզիկական գոյության իրավունքը չխախտելու վերաբերյալ: Այսինքն, հասկանո՞ւմ եք, ամբողջ աշխարհում բոլորն ունեն ինքնորոշման իրավունք, օրինակ՝ Ղրիմում 18-19-րդ դարերում վերաբնակեցված ռուսներն ունեն ինքնորոշման իրավունք, Կոսովոյի ալբանացիներն ունեն ինքնորոշման իրավունք, իսկ ահա սեփական հայրենիքում, հազարամյակներով սեփական հողի վրա ապրող Արցախի հայերը, սրանց ասելով, պարզվում է՝ չունեն ինքնորոշման իրավունք, ըստ Լավրովի և ըստ Միրզոյանի:

Դե, Բայրամովի մասին չնշենք, պարզ է: Սա՛ են պայմանավորվել Միրզոյանն ու Բայրամովը, Փաշինյանն ու Ալիևը: Խոսում են իրավունքների մասին, բայց նույն Լավրովի ելույթի առաջին հատվածի մի մեծ մասը նվիրված էր այն իրողությանը, որ Ադրբեջանի իշխանությունը սովամահ անելու ակնհայտ նպատակով խափանել է Արցախի հայությանը պարենի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Լավրովը վկայակոչում էր Փաշինյանի ու Ալիևի բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք փաստացի չեն կատարվում, այնինչ, կարող էր խոսել նաև այն բանի մասին, որ եթե իրենք իրապես կատարեին իրենց իսկ ստանձնած պարտավորությունները՝ խաղաղապահ ուժերով, ապա պիտի արդեն վաղուց Բերձորի միջանցքով ճանապարհը բացած լինեին, այդ թվում՝ զենքի ուժով:

Այնպես չէ, թե ստեղծված իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն Փաշինյանը չէ ու նրա խայտառակ հայտարարությունը, որով Արցախը հռչակեց ադրբեջանական: Բայց եթե մինչև վերջ ազնիվ լիներ, ապա Լավրովը պիտի իրենց իսկ պարտավորությունն էլ նշեր: Շարունակենք: Եվ ուշադրություն հրավիրենք ընդգծված հատվածի վրա: Խոսքն այն մասին է, որ Արցախում հայերը կունենան նույն իրավունքները, այսինքն՝ թղթի վրա, էլի, ինչպիսի իրավունքներ պարտավորվել է ապահովել Հայաստանը՝ փոխադարձաբար: Եթե ոմանք լավ չհասկացան, սա այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ համաձայնեցնում է հարյուր հազարավոր, եթե ոչ ավելի շատ ադրբեջանական թուրքերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք: Կարճ ասած, քննարկվում է Հայաստանի ադրբեջանիզացիան: Ու չկասկածեք՝ դա կարվի այնպես, որ Հայաստանում կարճ ժամանակ անց ոչ մի հայ մարդ չմնա: Դա Հայաստանի ոչնչացման, Հայաստանի հայաթափման նախերգանքն է:


Այնպես որ, արդեն ժամկետանց են այն մտավախությունները, թե Նիկոլ Փաշինյանը Արցախն է հանձնում: Արցախը նա արդեն հանձնել է և անցել է այդ դավադրության իրականացմանը: Խոսքը Հայաստանը հանձնելու, Հայաստանը ոչնչացնելու մասին է: Այ, սա՛ է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», «խաղաղության պայմանագիրը», «ապագան» էլ՝ վրադիր: Բայց դա պայթյունավտանգ «խաղաղություն» է: Այս օրերին ոչ միայն Ստեփանակերտում, այլև Երևանում տեղի են ունենում ցույցեր: Առայժմ այդ ցույցերում հնչող ելույթները մեծամասամբ զուրկ են քաղաքական լուրջ բովանդակությունից, հասցեականությունից, քանի որ չեն տրվում հստակ գնահատականներ, չեն հնչում հստակ ծրագրեր ու կոնկրետ քայլեր չեն նախանշվում:

Բայց որոշակի գործոնների ազդեցության տակ այդ ամենը կարող է վերաճել իսկապես ընդգրկուն ապստամբության՝ դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով: Ավելին, թշնամին նույն թշնամին է, և նա, այսպես թե այնպես, իր թշնամությունն անելու է՝ երևի մի վերջին անգամ հիշեցնելով հայերիս, որ իր հետ հնարավոր է խոսել միմիայն ուժի լեզվով, որ ինքը հասկանում է միմիայն ուժի լեզուն, հիշեցնելով, որ արժանապատիվ ապրելու իրավունքը, պետություն ու ապագա ունենալու իրավունքը նվաճում են զենքով, արյունով, կռվով, այլ ոչ թե՝ խաղաղություն մուրալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 201 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am