Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային հանրահավաք կազմակերպել
Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը զանգվածային հանրահավաք է կազմակերպում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորման հիմնադիրներից Ալի Քերիմլին ֆեյսբուքում տարածած տեսահաղորդագրության միջոցով: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին: Հանրահավաքի ժամանակ հավաքվածները քննարկելու են վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի հանգամանքները, ադրբեջանական իշխանությունների շարունակական անօրինությունների հետևանքով առաջացած երկրի ներքին և արտաքին խնդիրները: Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են նաև ազատ արձակել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին: 2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ: Artsakhpress.am
