Աշոտյանը հուշանվեր հանձնեց Լ. Մկրտչյանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Կառավարության ղեկավարը բարձր գնահատեց նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը և նշեց, որ ՀՅ Դաշնակցության հետ համագործակցության շրջանակում նախարարական երեք պորտֆել հանձնվել է ՀՅԴ-ին, այդ թվում` ԿԳՆ-ն: «Հանրապետության նախագահի որոշմամբ` Արմեն Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Համոզված եմ, որ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ԿԳՆ-ն կշարունակի ոլորտում բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը»,- ասաց Աբրահամյանը: Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բարձր գնահատանքի համար` վստահեցնելով, որ նախարարությունում պաշտոնի հանձնումը կիրականացվի սահուն կերպով: Միաժամանակ, Աշոտյանը հուշանվեր հանձնեց Լևոն Մկրտչյանին, որի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:
