«Ապահով Հայաստան». սա՞ է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է երեկ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներին: «Դա պետք է բացահայտվի»,- ասաց նա՝ հիշեցնելով ՀՀԿ-ի կարգախոսը. «Ապահով Հայաստան»։ Հարցին, թե սա՞ է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը, նա պատախանեց. «Որևէ երկիր, պետություն երաշխավորված չէ նման դեպքերից: Իսկ ինչ մնում է հետագա գործընթացներին, իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն, բացահայտեն նմանատիպ գործերը և կանխարգելիչ գործողություններ ծավալեն»: Լրագրողների առաջարկին՝ գուցե Վանո Սիրադեղյանի՞ն հրավիրեն, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք որևէ մեկին կանչելու կարիք չունենք։ Ոստիկանապետն իր դիրքերում է»: Անդրադառնալով Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ միջադեպին խառնված են մարդիկ, ովքեր ընտրություններում օգնել են իշխանությանը վերարտադրվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, երբ որ ընտրություններից հետո հետըտրական զարգացումներ չեղան, ակցիաներ չեղան, հիմա ցանկացած հանցագործություն, ցանկացած բնույթի կենցաղային անձնական բնույթի հանցագործություն ինչ-որ ձևով ցանկանում են կապել ընտրությունների հետ: Լրատվության տարածած ինֆորմացիայով սա ոչ թե այս ընտրությունների հետ է կապված, այլ բավական հին պատմություն ունեցող մի երևույթ է, որի հետևանքներն են սրանք»:
