«Ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք՝ որպես մեծ եղբայր, որ մեզ օգնի, այլ...». Արմեն Ռուստամյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելովկոալիցիոն հուշագրին Ծառուկյան դաշինքի միանալու հավանականության մասին, ասաց, որ միակ տարբերակը, որ համագործակցությունը վերանա, պետք է վերանա այն առաջնահերթությունը, որի շուրջ համախմբվել են: «Մենք էս տրամաբանությունը պահպանելով ենք մի անգամ դուրս եկել կոալիցիայից։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, մենք որևէ մեկի հետ չունենք տաբու հարաբերվելու։ Եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտպանողներ լինեն, մենք կհամագործակցենք»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք բոլորի աջակցության կարիքն ունեն: Լրագրողների հարցին՝ արդյոք ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է ռուսական զենքի շնորհիվ, ինչպես հայտարարել էր Ռուստամյանը, պատասխանեց. «ՀՅԴ-ն հենց առաջին օրերին եղել է ապրիլյան պատերազմի թեժ կետերում: Մենք տեսել ենք, թե ինչ է կատարվել: Այդ շատ ասողներից մարդ ես այնտեղ չեմ տեսել, կամ գալիս էին, նկարվում էին, հետո հետ էին գալիս: Գիտենք մենք, թե այդ ռեսուրսը որտեղ է: Պետք չէ ամեն ինչ այնպես դիտարկել, որ վաղը եթե պատերազմ սկսվեց, մենք էլի ինչ զինամթերքով, ինչ զենքով ենք էդ ամենի դեմն առնելու»: Նա նշեց, որ միաժամանակ Հայաստանը պետք է այլընտրանքներ ունենա: «Ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք՝ որպես մեծ եղբայր, որ մեզ օգնի, այլ մենք պետք է պահանջենք, որ հենց ինքը հարգի մեզ հետ ձեռք բերած պայմանավորվածություներն ու կնքած պայմանագրերը: Եթե Ռուսաստանը մեր հակառակորդին x քանակությամբ զենք է տալիս, մեզ պետք է տա x+y, որովհետև մեր հակառակորդն ուրիշ տեղից էլ է այդ զենքը ձեռք բերում, և մենք պետք է այդ բալանսը պահելու համար դա ապահովենք»,- նշեց նա:
